29/11/2021 17:25
Փոքրոգի, ճղճիմ մարդու վրեժխնդրություն է սա. Լևոն Քոչարյանը՝ սյունեցի համայնքապետերին կալանավորելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այցելել է Գորիս՝ ներկա գտնվելու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստին։
«Եկել ենք աջակցելու, որպեսզի իրեն մենակ չզգա, իմանա, որ իր ընկերներն իր հետ են, իր կողքն են» ,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նա ասաց, թե Առուշ Առուշանյանի, Մխիթար Զաքարյանի և Մանվել Փարամազյանի հանդեպ իշխանությունը անձնական վրեժխնդրություն ունի։
«Փոքրոգի, ճղճիմ մարդու վրեժխնդրություն է սա։ Այս իշխանությունն, իր ղեկավարով հանդերձ, ինչ-որ մոլուցք ունի՝ մեկ օր ավելի ընդդիմադիր մարդկանց բանտարկված պահելու։ Դա, կարծես, իրենց կյանքի նպատակը լինի»,-նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ սյունեցի համայնքապետերին մեկուսացնելը կոնկրետ անվտանգային հարցեր է առաջացնում Սյունիքում։
«Բայց միամիտ պետք է լինել կարծելու համար, որ բանտարկելով Առուշին կամ մյուս տղաներին՝ կարող են ընկճել», - ասաց Լևոն Քոչարյանը։