29/11/2021 14:39
Միխեիլ Սահակաշվիլին դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլն դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ես չեմ ընդունում դատախազության մեղադրանքները և չեմ ճանաչում վրացական արդարադատությունը: Ես նրա համար չեմ այստեղ գտնվում, որ նախապես գրված կատակերգության մաս կազմեմ», - ասել է Սահակաշվիլին:
Նա ձերբակալման ընթացքում առաջին անգամ է ներկա գտնվում դատական լսումներին: Սահակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացնում դատարանի մոտ: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նիստին ներկա են միայն վրացական Առաջին ալիքի լրագրողներն ու օպերատորները:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ նա վերադարձել է Վրաստան՝ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, այն ավարտել է 50 օր անց:
Վրաստանի նախկին նախագահին հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները վատնելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար: