01/12/2021 12:29
Երբ այս կառավարությունը փոխվի, և Հայաստանը ներկայացնեն մարդիկ, որոնց քայլերը բխում են ազգային ու պետական շահից, կունենանք հնարավորություն ազատել մեր ճանապարհները․ Հակոբյան
Գորիս-Կապան ճանապարհին նաև հայկական մաքսակետեր տեղադրելու և հետագայում ադրբեջանական մեքենաները մաքսազերծելու մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները գործնական կիրառություն չեն ստանա, ճեպազրույցի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Դա ֆիկտիվ բնույթ է կրելու․ ադրբեջանական ո՞ր մի մեքենան է գալու, մեզ մոտ մաքսազերծվի։ Գորիս-Կապանն ունի երկու ճանապարհ։ M2-ը այսօր վերահսկվում է ադրբեջանցիների կողմից և փակ է։ Ադրբեջանցիներն այնտեղ արդեն բենզալցակայան են կառուցել։ Ո՞ր մաքսակետի մասին է խոսքը մեր կողմից․ որ Ադրբեջանից մեքենաները գան, մտնեն մեր ճանապարհ և դուրս գան Հայաստա՞ն։ Այդտե՞ղ մաքսազերծվեն։ Դա ինչպե՞ս եք պատկերացնում։ Չնայած այս կառավարության դեպքում պետք է ինքս ինձ ուղղեմ, ոչինչ էլ չեմ բացառում, որ վաղը ադրբեջանական մեքենաները կգան, կմաքսազերծվեն և կշարունակեն ճանապարհը դեպի Վրաստան», - ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը, գուցե, իր մտքում արդեն գծագրել է Հայաստանի ապագա սահմանները և դրա շրջանակում է ցանկանում մաքսակետեր տեղադրել այնտեղ, որտեղ իր պատկերացմամբ պետք է սկսվի կամ ավարտվի Հայաստանի սահմանը։
Ինչ վերաբերում է իրանցի վարորդներին, ապա նրանք, ըստ Վահե Հակոբյանի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած ճանապարհահատվածից կարող են օգտվել իրենց մեքենաներն էժան վառելիքով լիցքավորելու համար։
«Իրանցի վարորդների համար այդ ճանապարհը գրավիչ է նրանով, որ ավելի լայն է, քան H46-ը, ծանրաբեռնված չէ, Ադրբեջանի կողմից էժան վառելիք է առաջարկվում։ Իսկ եթե իրանցի վարորդը, բեռի տերը ևս մեկ մաքսակետով (ադրբեջանականից բացի, նաև հայկական-խմբ․) անցնի, այդ հավելյալ արժեքը կգումարի իր ընդհանուր ծախսի վրա և բեռն այդ գնով կվաճառի Հայաստանի քաղաքացու վրա։ Ի վերջո, մենք ենք տալիս այդ մաքսազերծման գումարը։ Հայաստանի քաղաքացին է տալիս։ Չէ՞ որ Իրանի քաղաքացին ավելացնում է այդ արժեքը», - ընդգծեց Հակոբյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը համոզմունք հայտնեց նաև, որ գործող իշխանություններին հեռացնելուց հետո կարող ենք վերադարձնել մեր ճանապարհները։
«Կարծում եմ, որ երբ այս կառավարությունը փոխվի, հաջողվի նրանցից ազատվել, երբ Հայաստանը ներկայացնեն մարդիկ, որոնց քայլերը բխում են ազգային ու պետական շահից, այդ դեպքում կունենանք հնարավորություն նաև ազատել այդ ճանապարհը։ Ոչ միայն այդ ճանապարհը, նաև Ճակատենը, և մեր կողմից վարվող բանակցությունները բերել առողջ դաշտ, ոչ թե մշտական զիջումների և պարտությունների ներքո գործել», - նշեց նա։
Վահե Հակոբյանի խոսքով՝ դրան ունակ բազմաթիվ մարդիկ կան։
«Նույն «Հայաստան» դաշինքն այսօր պատրաստ է այդ բոլոր պարտավորությունները վերցնել իր վրա․ պետական և ազգային շահը բերել առաջին պլան, ոչ թե առաջինը համարել անձնական շահը և աթոռներից կառչած մնալը», - ասաց նա։