01/12/2021 20:36
Թալիբների կողմից իրանական անցակետեր գրավելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Tasnim
Իրանական «Tasnim» գործակալությունը, վկայակոչելով իր վստահելի աղբյուրներին, հայտնում է, որ իրանա-աֆղանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով «Թալիբան» շարժման կողմից իրանական մի քանի հսկիչ անցակետեր գրավելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ գործակալության, իրանական ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանին։
«Թալիբան» շարժման գրոհայինների և Իրանի ԶՈՒ միջև փոխհրաձգության պատճառը, գործակալության տրամադրած տեղեկության համաձայն, սահմանային գծի վերաբերյալ աֆղանական կողմի սխալ պատկերացումն է եղել։
Նշվում է, որ մի քանի տարի առաջ, մաքսանենգների դեմ պայքարելու նպատակով, աֆղանական սահմանից մի քանի հարյուր մետր այն կողմ, Իրանի տարածքում, պատեր են կանեգնեցվել։ Իրանցի ֆերմերներն այսօր անցել են պատերից այն կողմ՝ մնալով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում։ «Թալիբան» շարժման անդամները սխալմամբ դա գնահատել են որպես պետական սահմանի խախտում և կրակ են բացել, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել նրանց և իրանցի սահմանապահների միջև։
Աֆղանական լրատվամիջոցների համաձայն, սահմանին փոխհրաձգությունն սկսվել է տեղական ժամանակով՝ մոտավորապես 17։30-ին։ Կողմերը կիրառել են հրազեն և հրետանի։