01/12/2021 18:50
Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով, և այդ գույները կծածկեն գրեթե բոլոր տարածաշրջանները․ Լավրովն անդրադարձել է «Թյուրքական աշխարհի» քարտեզին
Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ ըստ «ցեղակիցների» բնակության վայրերի․ այդ գույները կծածկեն գրեթե բոլոր տարածաշրջանները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով «Թյուրքական աշխարհի» քարտեզին, որը Ռեջեփ Թայիբ Էրդողանին նվիրել էր թուրքական ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։
«Ոչ մի վատ բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապը պահպանելու մեջ․․․ Մեր «ազգակիցներով» ու հայրենակիցներով բնակեցված տարածքներ ևս կան, մենք նույնպես կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով՝ դրանց տալով տարբեր նրբերանգներ։ Դա, առաջին հերթին, ամբողջ հետխորհրդային տարածքն է, դա հսկայական թվով մեր հայրենակիցներն են՝ ներկայացնող ԽՍՀՄ ժողովուրդներին՝ Գերմանիայում, Եվրոպայի այլ երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արգենտինայում»,- ասել է Լավրովը։
Մինչ այդ էլ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր անդրադարձել Էրդողանին նվիրած «Թյուրքական աշխարհի» քարտեզին՝ ափսոսանք հայտնելով, որ «Թյուրքական աշխարհի» կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ ՌԴ տարածքում՝ Ալթայում, բացակայում է կարմիր աստղը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի նվիրած քարտեզի վրա «Թյուրքական աշխարհի» կազմում են ներկայացված Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի, Իրանի տարածքների մի մասը։