01/12/2021 20:49
ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում անգամ այն միտքը, որ Ռուսաստանը կարող է իր ազդեցության գոտին ունենալ․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում անգամ այն միտքը, որ Ռուսաստանը կարող է ազդեցության իր գոտին ունենալ, քանի որ Ռուսաստանի բոլոր հարևաններն ինքնիշխան պետություններ են։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հարցի ձևակերպումն ինքնին արտացոլում է այն թեզը, որը մեզ մոտ պետք է զգուշավորություն արթնացնի և որն անընդունելի է։ Դա այն թեզն է, որ Ռուսաստանն իր շահերի գոտին ունի։ Դա փաստացի խոստովանություն է, որ Ռուսաստանը կարող է վերահսկել, թե ինչ են անում իր հարևանները, որոնք ինքնիշխան պետություններ են հանդիսանում»,- պատասխանելով Ռուսաստանի պատմական ազդեցության գոտի ՆԱՏՕ-ի կողմից աշխարհաքաղաքական ներխուժման մասին հարցին՝ ասել է Ստոլտենբերգը։
Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կարող է ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներ ու քաղաքական արգելքներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի նկատմամբ ուժ կիրառելու դեպքում։
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ կոլեկտիվ անվտանգության սկզբունքը տարածվում է միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, իսկ գործընկերները, օրինակ՝ Կիևը, կարող են ակնկալել դաշինքի աջակցությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքն ակտիվորեն կաջակցի Ուկրաինայի և Վրաստանի ռազմական կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենք իրենց։
«Մենք անցկացնում ենք զորավարժություններ, տեղեկատվություն ենք փոխանակում, տեխնիկա ենք մատակարարում, նույնիսկ սատարում ենք բարեփոխումների գործընթացին»,- հայտարարել է Ստոլտենբերգը։