01/12/2021 20:00
Հայկական լոբբիստները Վաշինգտոնում պայքարում են թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների դեմ ՝ չստանալով աջակցություն ոչ՛ Հայաստանի կառավարությունից, ոչ՛ դեսպանատնից․ միջազգայնագետ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումն արգելող բանաձևը վերակենդանացնելու ուղղությամբ հայ լոբբիստների ջանքերին և գործունեությանը Հայաստանի իշխանությունը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը չեն սատարում։
«Վերջին օրերին հետևում եմ, թե ինչ լուրջ պայքար են տանում հայկական լոբբիստները Վաշինգտոնում՝ 907-րդ բանաձևը վերակենդանացնելու համար:
Ինչպես գիտեք, այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը:
Ամենից վատն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների և դեսպանատների, ինչպես նաև միլիոնավոր դոլարների դեմ հայկական լոբբիստները պայքարում են Հայաստանի կառավարության և դեսպանատան կողմից զրոյական աջակցությամբ:
Դա այն դեպքում, երբ Հայաստանում շատ լավ գիտեն, թե ո՛ր նահանգների ո՛ր սենատորներն են մեզ համար խնդրահարույց, և նրանց հետ աշխատանք չի տարվում:
Մեծ հաշվով՝ այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է, և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է»,- գրել է միջազգայնագետը: