01/12/2021 16:53
Գերեվարում, խոշտանգում և սպանություն․ Վլադիմիր Պարսիյանցի պատմությունը. Hetq.am
Hetq.am-ը գրում է.
«2020 թվականի նոյեմբերի սկզբին, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին գրոհել Շուշին, քաղաքում շատ քիչ քաղաքացիական բնակիչներ էին մնացել, հիմնականում՝ տարեց մարդիկ, որոնք չէին ցանկացել լքել իրենց բնակավայրը։ Նրանցից շատերը գերեվարվել և դաժանորեն սպանվել են հենց գերության մեջ։ Այդ մարդկանցից մեկը 73-ամյա Վլադիմիր Պարսիյանցն էր։
Շուշիի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Վլադիմիր Պարսիյանցը գերեվարվել է, սակայն հստակ օրը հայտնի չէ։ Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Վլադիմիր Պարսիյանցը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին։ Դեկտեմբերի 5-ին Շուշիում Վլադիմիր Պարսիյանցի մարմինն ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել։ Նրա քունքի հատվածում հրազենային վնասվածք է եղել, և քանի որ նա սպանվել է նոյեմբերի 18-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների ավարտից 8 օր անց, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր գնդակահարել են Վլադիմիր Պարսիյանցին, իսկ որովայնի շրջանում առկա կտրող-ծակող գործիքի հասցրած վնասվածքները վկայում են այն մասին, որ 74-ամյա ծերունուն նաև խոշտանգել են։
Վլադիմիր Պարսիյանցը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, արմատներով Գորիսից է։ Բաքվի ջարդերից փրկվելու համար 1990 թվականին տեղափոխվել է Արցախ, և երբ 1992 թվականին հայկական զինված ուժերը ազատագրել են Շուշին, մշտական բնակություն է հաստատել այնտեղ։ 1992 թվականին Վլադիմիր Պարսիյանցն ամուսնացել է Վեներա Ավակյանի հետ, որը նույնպես Բաքվի փախստական է։
1993թ․ ծնվել է նրանց միակ զավակը Բագրատը։ 2004 թվականին Վլադիմիր Պարսիյանցն ու Վեներա Ավակյանը ամուսնալուծվել են։ Այդ ժամանակվանից ի վեր մայրն ու որդին առանձին են ապրել, սակայն ինչպես պատմում է Բագրատը, մշտապես հոր հետ կապ է պահել։
Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Բագրատն իր կնոջը, երկու մասնկահասակ երեխաներին և մորը տեղափոխել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղ՝ բարեկամի տուն, և սեպտեմբերի 28-ին վերադարձել է Շուշի։ Նա աշխատում էր Շուշիի շրջանի վարչակազմում և պատերազմի ընթացքում զբաղվում էր սննդի մատակարարմամբ։
Բագրատ Պարսիյանցի խոսքով՝ հոկտեմբերի վերջին սկսել են Շուշիի քաղաքացիական բնակչության տարհանումը, սակայն հայրը հրաժարվել է դուրս գալ քաղաքից։
«Մենք չէինք պատկերացնում, որ պատերազմի վերջը դա կլինի։ Մեզ համար ամենաանհավատալի տարբերակը հենց այն էր, որ թշնամին կգա կհասնի Շուշի։ Հայրս էլ չէր հավատում։ Արդեն պատերազմի վերջին օրերն էր, նոյեմբերի 3-ն էր՝ ժամը 2-անց կես, հարձակվեցին։ Էսպես նկարագրեմ՝ էնքան շատ էին խփում, որ մի հատ դռան արանքով չէիր կարող անցնել։ Ժողովուրդը եկել, ապաստանել էր վարչակազմի շենքում, հերս էլ էր ժամանակ առ ժամանակ գալիս գնում։ Ես էլ որ այնտեղ սնունդով էի զբաղվում, ինձնից ինչ կախված էր, էն էլ անում էի, ոչ միայն իրա համար, այլ՝ յուրաքանչյուրի, որովհետև մտածում էի՝ իմ պարտքն ա, պիտի անեմ։ Մի խոսքով, ինքը մնաց, ոչ մի ձև չուզեց դուրս գալ։ Իրա մտածելակերպով՝ էսքան եկել, եկել են, էլ հո չեն գալու Շուշին գրավեն»,- պատմում է Բագրատը։
Բագրատ Պարսիյանցը Շուշիից դուրս է եկել նոյեմբերի 5-ին և այդ օրվանից հոր մասին տեղեկություն չի ունեցել, չնայած նրա խոսքով՝ ինքն արդեն ենթադրում էր, որ հորը կարող են սպանած լինել։ Դրանից հետո Բագրատը սկսել է Արցախի քննչական կոմիտեի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղեկություններ փնտրել։