01/12/2021 13:22
Իշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անում
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր քննելու են Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը։ Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու դիմումը Էջմիածին է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ Էջի ադմինների շարքում է նաև Տեր Ղազարը, սակայն նրա շրջապատից Hraparak.am-ի փոխանցել են, որ նա միակ ադմինը չէ։
«Նյութը ընտրություններին մասնակից ուժերից մեկի՝ «Քրիստոնեական Հայաստան» կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակ է։ Դիմումի հիմքն այն է, որ հոգևորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը։ Սակայն որոշ տեղեկություններով՝ Գևորգ Եպիսկոպոսն ինքն է ներգրավված քաղաքական հարցերում և պատահական չէ, որ ընդամենը մի նյութի համար, այն էլ, առանց Տեր Ղազարից պարզաբանում պահանջելու, վերջինիս կարգալույծ անելու դիմում է ներկայացրել։
Տեր Ղազարը վերջին տարիներին աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական կեցվածքով և կոշտ դիրքորոշում է հայտնել գործող իշխանությունների կողմից ազգային ու հոգևոր արժեքների դեմ ուղղված քայլերի կապակցությամբ։ Նա 2019-ին փիլոնազրկվել է, քանի որ ակտիվ մասնակցում էր ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին, ապա տեսաուղերձով դիմել էր նաև Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հեռու մնալ հոգևորականներից», - գրել է Hraparak.am-ը: