01/12/2021 21:05
Իշխանություններն ուժեղացնում են ճնշումը դատական համակարգի վրա. Ալումյան
Խափանման միջոց կալանավորումը և քրեական գործերը սկսել են օգտագործվել որպես այլախոհությունը ճնշելու միջոց, այսօր հրավիրված ասուլիսում կարծիք է հայտնել փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա ընդգծել է՝ սա շատ վատ միտում է, իշխանությունները, հակափաստարկների փոխարեն, փորձում են ճնշում գործադրել՝ օգտագործելով ուժային կառույցները։
Ըստ Ալումյանի՝ նման փորձեր եղել են 2018 թվականից, բայց հիմա դրանք շատացել են, և դատարաններն ավելի շատ են ներգրավվում գործընթացում, ավելի հանդուրժող են դարձել իշխանությունների նման պահվածքի հանդեպ։
«Նախկինում դատարաններն ավելի անհանդուրժող էին կալանքների այսպիսի անհիմն միջնորդությունների հանդեպ, փորձում էին օրենքը չխախտել։ Այժմ դատական համակարգն ավելի ենթակա է գործադիր իշխանությանը։ Որոշ դատավորներ դեռ չենթարկվելու համարձակություն ունեն, բայց ակնհայտ է համակարգի վրա ճնշումը։ Դրա մասին են վկայում այն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները, ովքեր չեն ցանկանում ենթարկվել և ինքնուրույն են գործում»,- ասել է Ալումյանը։
Փաստաբանը նշել է, որ դա «բումերանգի էֆեկտ» կունենա դատարաններին ճնշելու փորձ անողների համար։
Անդրադառնալով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու ԲԴԽ-ի որոշումներին՝ Ալումյանը նշել է՝ կառույցը միայն Գագիկ Ջհանգիրյանից չի կազմված, ԲԴԽ-ում կան նաև արժանի մարդիկ։ Ոմանք էլ, ցավոք, դառնում են կատարվողի մասնակից։
«Բայց չմոռանանք, որ գործընթացը չէր լինի՝ առանց արդարադատության նախարարի գործուն մասնակցության, քանի որ նա է կարգապահական վարույթի նախաձեռնողը»,- ընդգծել է փաստաբանը՝ գործընթացները գնահատելով ծայրահեղ անառողջ։