02/12/2021 17:14
Աշոտ Մինասյանն այն հրամանատարն է, որը վտանգ է ներկայացնում․ նա ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին և դուրս կգան՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները․ Թադևոսյան
«Շատ ծանր օրեր ենք ապրում։ Փաստ է, որ մեր հայրենիքի մի կարևոր հատված՝ Սյունիքի հատվածը, վտանգի տակ է։ Թեև երկրի իշխանությունները մեզ ասում են, որ ոչ մի «միջանցք» չկա, բայց բոլորս էլ գիտենք, որ Ալիևն իր գործընկեր ու համախոհ պետություններին հայտարարեց, որ կարող են այդ «միջանցքով» առևտուր անել և այլն։ Իսկ Աշոտ Մինասյանը՝ բոլորիս հայտնի, լեգենդար «Աշոտ Երկաթը» այն մարդկանցից, հրամանատարներից մեկն է, ով ուղղակի վտանգ է ներկայացնում»,- հաջակցություն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կազմակերպված ակցիայի ժամանակ նշեց արցախյան երեք պատերազմների վավերագրող, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը։
Նա հիշեցրեց, որ Աշոտ Մինասյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ կրկին հայտարարել էր, որ կազմ-պատրաստ է՝ պաշտպանելու Սյունիքի սահմանները։ Այժմ, սակայն, նա էլ է կալանքի տակ, ինչպես Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, որոնք բոլորն էլ հզոր անհատականություններն են։
«Պարզ ասեմ, որ Աշոտ Մինասյանն այն հրամանատարն է, որը վտանգ է ներկայացնում, որովհետև նա ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին և նրանք դուրս կգան պաշտպանելու հայրենիքի սահմանները»,- ընդգծեց Թադևոսյանը։
Նա նշեց նաև, որ իր համար անհեթեթ ու աբսուրդային է, երբ ձերբակալվում են ազգի նվիրյալները․ անհասկանալի է նաև, թե երկրի շուրջ ստեղծված անվտանգային այս իրավիճակում ում կամ ինչի վրա են հույսը դրել գործող իշխանությունները։