02/12/2021 16:41
Հրամանատար «Աշոտ Երկաթին» կալանավորելու որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով դիմում է ներկայացվելու դատախազին
«Հարգելով օրենքը, իրավական նորմերը, դիմում ենք ներկայացնելու Գլխավոր դատախազին և խնդրելու ենք, որպեսզի չեղյալ հայտարարի Աշոտ Մինասյանի կալանավորման որոշումը»,- «Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմների մասնակից «Աշոտ Երկաթին»՝ Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, մտավորական Սերժ Սրապիոնյանը։
Նա նշեց, որ կանխավ գիտեն՝ որոշումը չեղյալ չի հայտարարվելու, իրադարձությունները զարգանալու են ծանոթ սցենարով, բայց իրենք շարունակելու են պայքարել։
«Մենք, իհարկե, շատ լավ գիտենք, որ պատասխան չի լինելու, չեղյալ չի հայտարարվելու (կալանավորումը-խմբ․), որ մի երկու ամիս, մինչև Սյունիքը վերջնական դատարկելը, փորձելու են փակի տակ պահել նրան։ Հետո խոշոր գրավի դիմաց ոչինչ չարած մարդուն, որի միակ «մեղքը» իր երկրի համար արյուն տալն է եղել, այդ ժամանակ նոր կազատեն։ Մենք այս սցենարին արդեն ծանոթ ենք, սա առաջին դեպքը չէ։ Այնքան միամիտ չենք, որ մտածենք, որ այս դատախազը, իր տաքուկ կաբինետում նստած, կարող է հանկարծ անսալ ժողովրդի ձայնին։ Բայց չենք ուզում օրինազանց կոչվել։ Այս է այսօր մեր երկրի օրենքը, մենք այդ օրենքով շարժվելու ենք։ Թող իրավական հիմնարկները, ինչպիսին այս դատախազությունն է, իրենք խախտեն օրենքը։ Վաղը նույն այդ օրենքի առաջ պատասխան են տալու»,- ասաց Սրապիոնյանը։
Նա շեշտեց՝ հերոսներին չեն դատում, հերոսների առջև խոնարհվում են։
«Այս մարդիկ, օրը կգա՝ բարին հետը, դեռ կխնորհվեն «Աշոտ Երկաթի» տեսակի, ազնվական մարդկանց ոտքերի առաջ»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։