02/12/2021 18:15
Ստեփանակերտի փողոցներում 200 տեսախցիկ է տեղադրվել
Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչությունը, համագործակցելով քաղաքապետարանի հետ, մայրաքաղաքի փողոցներում 200 տեսախցիկ է տեղադրել, հայտնում է «Արցախպրեսը»։
Ստեփանակերտի ոստիկանության վարչության պետ Բորիս Ջալավյանը նշել է, որ ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին և նպատակ ունի ապահովել հասարակական անվտանգությունը, ինչպես նաև, կառավարության որոշման համաձայն, կոպիտ խախտումներ թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդներին ենթարկել վարչական տույժի՝ սահմանված կարգով։
«Տեսախցիկները վերահսկվում են Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչության կողմից ստեղծված տեսադիտարկման խմբի կողմից։ Մենք տեսախցիկների համար այնպիսի տեղեր ենք ընտրել, որ մուտք չգործենք քաղաքացու անձնական տիրույթ: Տեսախցիկների տեղադրմամբ հաջող արդյունքներ ենք գրանցել, օրինակ, ունեցել ենք դեպք, երբ օտարերկրյա քաղաքացին, ով ՀՀ-ում ևս բազմաթիվ գողություններ է կատարել, Ստեփանակերտում ձերբակալվել է՝ հանցանքի վայրում։ Շատ հաճախ մենք փորձում ենք ոչ միայն բացահայտել, այլև կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում տեսախցիկներով», - նշել է Ջալավյանը։