02/12/2021 11:16
«Միասին կառուցենք նոր համայնք և նոր սկիզբ»․ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի ԲՀԿ թեկնածուն ամփոփում է քարոզարշավը (Տեսանյութ)
Դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզի 36 համայնքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը նախընտրական քարոզարշավի ընթացքում համայնքի զարգացման իր տեսլականը ներկայացրել է հասարակության բոլոր շերտերին, խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերում հանդիպումների ժամանակ բնակիչների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները, լսել առաջարկները, դրանք ևս ներառել իր ծրագրում։
«Բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն միասնաբար, միասնական աշխատանքով և ուժերով», - համոզված է Էդուարդ Բաբայանը։
Կրթության, սպորտի զարգացման, երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության, նաև համայնքի կյանքին վերաբերող հարցերի շուրջ մանկավարժների կարծիքը Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուն առանձնահատուկ է կարևորում։ Քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու պատասխանատու որոշման մասին Բաբայանն առաջիններից մեկը հայտնել է իր ամենասիրելի ուսուցչուհուն՝ Կիմա Օգանեսովնային։ Լուրն ուրախացրել է ուսուցչուհուն, նա բարի երթ և հաղթանակ է մաղթել իր սանին։
Էդուարդ Բաբայանը հանդիպումներ է ունեցել նաև այլ մանկավարժների հետ, նրանք ևս կարևորել են այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի թեկնածուն առանձնահատուկ ուշադրությամբ է մոտենում դեռահասների ուսման որակին, լավ կրթություն ստանալն անհրաժեշտություն է համարում։
Աբովյանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն իր առաջնահերթություններից մեկն է համարում նաև պատերազմի մասնակիցներին ըստ արժանվույնս գնահատված տեսնելը, նրանց հուզող հարցերին լուծումներ տալը։ 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ հանդիպմանը Էդուարդ Բաբայանը նշել է՝ իր առաջին գործերից մեկն է լինելու հանուն հայրենիքի կյանքը չխնայած հերոսների անուններով ու լուսանկարներով հուշատախտակի բացումը, վիրավոր զինծառայողների համար Աբովյանում վերականգնողական կենտրոնի հիմնումը։
Աբովյան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերում կայացած հանդիպումների ժամանակ Բաբայանը համոզվել է՝ մարդիկ իրենց հոգսերն ու խնդիրները բարձրաձայնելու կարիք ունեն, իրենց համայնքներում պետք է մասնակցեն ծրագրերի մշակմանն ու խնդիրների լուծման ուղիների որոնմանը։
«Յուրաքանչյուր մարդու հետ շփում ինձ համար յուրովի է բացահայտում մեր համայնքը, բնակչին, նրա խնդիրներն ու պոտենցիալը», - նշել է Էդուարդ Բաբայանը:
Նոյեմբերի 28-ին Աբովյան խոշորացված համայնքում կայացել է քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանին սատարող քաղաքացիների, ԲՀԿ համակիրների, Բաբայանի թիմակիցների տպավորիչ երթը։
«Շնորհակալություն եմ հայտնում, որ վստահում եք ինձ, ձեր վստահությունն ու ջերմ խոսքերն աննկարագրելի էներգետիկա և ուժ են փոխանցում», - դիմելով բնակիչներին՝ ասել է Բաբայանը։
«Նոր համայնք, նոր սկիզբ»․ այս կարգախոսի ներքո է Աբովյան խոշորացված համայնքի ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը պատկերացնում իր հետագա գործունեությունը։ Համայնքի ապագան կառուցելու հարցում ամենից շատ նա կարևորում է բնակիչների համերաշխությունը և համախմբվածությունը։
Խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված Էդուարդ Բաբայանը քվեաթերթիկների բաշխմամբ՝ հանդես է գալիս առաջին համարի ներքո։