03/12/2021 13:53
Գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ քաղաքական միավոր և դա Նիկոլ Փաշինյանն է․ Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանի համար «ցավոտ» ու «զգայուն» լուծումներով հայտարարության, փաստաթղթի տակ լինելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրությունը, սակայն բաց է մնում այն հարցը, թե ինչու՞ է Գրիգորյանը համաձայնվել Փաշինյանի գործունեության պատասխանատվությունն իր վրա վերցնել։
«Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը որևէ կոնկրետ լուծում չէր ամրագրում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կոնկրետ «զգայուն» և «ցավոտ» լուծումների մասին փաստաթղթի տակ չպետք է լիներ Փաշինյանի ստորագրությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հայտարարությունը մշակել և հրապարակել փոխվարչապետների մակարդակով՝ Մոսկվայում այս օրերին ընթացող հանդիպման արդյունքներով: Իսկ գործընթացին միջազգային լեգիտիմություն պետք է հաղորդեն ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում արձանագրվող «դրվատանքի» և «քաջալերման» մասին հայտարարությունները:
Այստեղ կարևոր է արձանագրել, որ այս իշխանության մեջ Մհեր Գրիգորյան կամ Սուրեն Պապիկյան անուն-ազգանունով լեգիտիմ քաղաքական միավոր գոյություն չունի:
Գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ քաղաքական միավոր և դա Նիկոլ Փաշինյանն է: Հետևաբար, անկախ նրանից, թե ում ստորագրությունը կլինի սպասվող հակահայկական փաստաթղթի տակ, դրա միակ հեղինակն ու քաղաքական պատասխանատուն կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Հ.Գ. Բաց է մնում մեկ կարևոր հարց. հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքներն ու դրանց ծանր հետևանքների համար անձնական պատասխանատվությունը, ինչի՞ համար է ստանձնել Նիկոլի հերթական «մատաղացու գառի» կարգավիճակը», - գրել է պատգամավորը: