03/12/2021 22:25
Համերաշխության մթնոլորտում ու սրտացավությամբ ենք կերտելու Աբովյան խոշորացված համայնքի նոր տեսլականը․ Էդուարդ Բաբայան (Տեսանյութ)
Երկու օր անց Աբովյան խոշորացված համայնքի բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը և կընտրեն համայնքի նոր ղեկավար։ ՏԻՄ ընտրություններին Աբովյանում ԲՀԿ-ն առաջադրել է իր թիմին, որը գլխավորում է ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը։
Աբովյանի քաղաքապետի թեկնածուն և ԲՀԿ-ի թիմը ընտրարշավին քաղաքական զուսպ պայքար են տարել, խոստումների փոխարեն խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել, լսել նաև համայնքի բնակիչների առաջարկները, նրանց հետ քննարկել համայնքի զարգացման տեսլականը։
ԲՀԿ-ի գործունեությանը Աբովյանում և հարակից բնակավայրերում քաջածանոթ են, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ այստեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել․ քաղաքի ենթակառուցվածքների բարելավում, կրթական, մշակութային, սպորտային կյանքի զարգացում և ակտիվացում, սոցիալական բազմաթիվ ծրագրեր, գյուղտխենիկայի, դիզվառելիքի, պարարտանյութի տրամադրում գյուղացիական տնտեսություններին, քաղաքաշինական ծրագրեր, պուրակների, խաղահրապարակների կառուցում, մանկապարտեզների վերանորոգում և այլն։ Աբովյան խոշորացված համայնքում Ծառուկյան ընտանիքի կողմից կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և իր դռներն է բացել հավատավոր ժողովրդի առջև։
Աբովյանում և դրա կազմի մեջ մտնող բնակավայրերում ԲՀԿ-ի ծրագրերը շարունակական են լինելու, վստահեցնում է ՏԻՄ ընտրություններին առաջադրված թիմը։
«Ավելի ենք ակտիվացնելու քաղաքի մշակութային կյանքը՝ վերանորոգելով թատրոնն ու երաժշտական դպրոցը, կառուցվելու են սպորտդպրոցներ ու մանկապարտեզներ, երիտասարդների արտագաղթը կանխելու համար ստեղծելու ենք աշխատատեղեր, հատուկ ուշադրություն ենք ցուցաբերելու Արցախյան պատերազմում զոհվածների, վիրավորում ստացածների, պատերազմի մասնակիցների ընտանիքներին, ամենօրյա ուշադրության կենտրոնում ենք պահելու համայնքի բազմանդամ ընտանիքներին, միայնակ ծերերին, թոշակառուներին»,- ասում են նրանք։
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանը, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, նշում է, որ իր համար մեծ պատիվ է եղել շփվելը յուրաքանչյուր քաղաքացու հետ, նրանց ջերմությունն ու աջակցությունը զգալը:
«Ես հավատում եմ իմ հայրենակիցների հավաքական իմաստությանը: Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը: Եվ այդ ձայնը լսելի՛ է լինելու: Համերաշության մթնոլորտում ու սրտացավությամբ ենք կերտելու Աբովյան խոշորացված համայնքի նոր տեսլականը»,- ասում է Բաբայանը։