Միջազգային կառույցների հետ շփումների ընթացքում եթե իշխող կուսակցության ներկայացուցիչները նույն ջանասիրությամբ պաշտպանեին մեր երկրի շահերը, գերիների խնդրից նույն ջանասիրությամբ խոսեին, ինչպես փորձում են ներկայացնել մեր երկիրը որպես ժողովրդավարության բաստիոն, իսկ իրենց էլ որպես նորօրյա «չեգևարաներ», մենք շատ այլ պատկեր կունենայինք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
«Չգիտեմ, թե ոնց է ստացվում, որ իրենց միջազգային կառույցներին կարողանում են ներկայացնել, որ իրենք անկախ բազմաթիվ խնդիրներից, ժողովրդավարության հետ ամեն ինչ կարգին է, բայց չեն կարողնում ներկայացնել ղարաբաղյան հիմնախնդիրները, հայ-ադրբեջանական հարաբերությունները և մի շարք այլ խնդիրներ», - ասաց Մամիջանյանը:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հարցազրույցին, որտեղ նա խոսել էր իր գործողումների մասին, Հայկ Մամիջանյանն ասաց, թե ուսումնասիրել է ԱԺ կայքը, որտեղ տեղադրված են Սիմոնյանի մասին տեղեկատվությունները։ Դրանցից, Մամիջանյանի խոսքով, ընդամենը կեսում է հիշատակվում, որ Ալեն Սիմոնյանը խոսել է գերիների խնդրի մասին։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի հայտարարությանը, թե իրենք կանգնած են զրոյից պետություն կառուցելու խնդրի առաջ, Հայկ Մամիջանյանն արձագանքեց.
«Ուզում եմ հիշեցնել, որ իրենց կողմից անդադար աղաղակվող պետական բյուջեի մուտքերի մեծ ծավալը պայմանավորված է ՀՀԿ իշխանության օրոք կայացված որոշմամբ՝ կապված մաքսային փոփոխությունների հետ։ Մի շարք կարևորագույն օբյեկտների բացումներ, որոնք իրենք ֆոտոգենիկ հատկանիշներում գնում և կարմիր ժապավեն էին կտրում, հիմնադրվել և կառուցվել էին մեր իշխանության օրոք։ Սպառազինության այն մեծագույն գնումների ծավալը, որի մասին իրենք անդադար հիշատակում են, դրանց ձեռքբերման պայմանավորվածությունները կայացվել էին Հանրապետականի իշխաոնության օրոք։ Իսկ բոլոր այն սպառազինությունները, որոնք այս կամ այն կերպ խնդրահարույց են, իրենց փոփոխությունների հետևանքն է»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: