03/12/2021 17:07
Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես պայքարել է և արմատախիլ է արել մոլախոտերին. Սոս Հակոբյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանին (Aravot)
«Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես պայքարել է և արմատախիլ է արել այդ Սիմոնյանի և իր գործընկերների նման մոլախոտերին, որոնք իրենց գործունեությամբ ոչինչ չեն անում, բայց իրենց գոյությամբ թունավորում են շրջակա միջավայրը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն՝ անդրադառնալով «Առաջին լրատվականի» հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին:
Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը մասնավորաբար ասել էր. «Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Իրենք թող չկարծեն, որ իրենց կարող են թույլ տալ հայտարարություններ և վարվելակերպ, որը պատասխան չի ստանալու: Ես խղճում եմ այդ մարդկանց. իրենք քաղաքականությունից չեն հասկանում և հայ ժողովրդին չեն ճանաչում: Դե, ե՞րբ են կապ ունեցել: Զգուշացնում եմ հիմա, թող իրենց չափավորեն՝ վարչապետի հասցեին, իմ քաղաքական թիմի հասցեին»:
Սոս Հակոբյանը հակադարձել է. «Վանեցյանին ոչ թե հնարավորություն է տրվել որևէ բան անելու, այլ Վանեցյանն առաջին օրից մինչև իր հրաժարականի օրն ամեն ինչ արել է՝ թե արտաքին մասով Հայաստանի շահերը ամուր պահելու, հատկապես մեր ռազմավարական դաշնակցի հետ վստահելի հարաբերություններ ունենալու համար, թե երկրում հանցավորության դեմ պայքարի, կոռուպցիայի ոչնչացման, դրա հիմքերի քանդման համար:
Եվ երբ Վանեցյանը հասկացել է, որ այս ազգակործանների դեմը միայնակ հնարավոր չէ առնել, կանգնեցնել Հայաստանի և Արցախի կործանումը, նա այդ ժամանակ դուրս է եկել և որոշ ժամանակ անց մտել է քաղաքականություն: Իսկ Սիմոնյանն իր ուսապարկ գործընկերների և քաղաքական հոր հետ միասին սերունդների կողմից միշտ հիշվելու են որպես Հայաստանի՝ տարածաշրջանային գործոնից, տարածաշրջանային բանակցությունների օբյեկտ սարքողներ: Սերունդները նրանց հիշելու են դեռ հարյուրամյակներով և իրենք իրենց խարանը, կարծում եմ, դեռ իրենց կենդանության օրոք կհասցնեն «վայելել»:
Սոս Հակոբյանը նաև հորդորել է՝ մեծ ուշադրություն չդարձնել Սիմոնյանի և իր «կոմպանիայի» ասածներին, որովհետև, իր գնահատմամբ, երբ Արթուր Վանեցյանը հստակ անուններ է տալիս Նիկոլ Փաշինյանին և իր գործունեությանը, հստակ բացատրում է հանրությանը դրանց հանցավոր գործունեության հետևանքների մասին, նրանք ուղղակի հերթական առաջադրանքն են ստանում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «իրենց դեմքին գտնվող բացվածքով խոսեն, փնովեն, վատաբանեն այդ քաղաքական գործիչներին և վազելով գնան նրա մոտ ասելով՝ «կատարել եմ քո ցանկությունը, տեր իմ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։