03/12/2021 11:47
Գործադուլ՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
Դեկտեմբերի 13-ին «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը հայտարարում է գործադուլ՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի։
«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԲԴԽ-ի առջև խնդիր է դրված դադարեցնել դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները: Մենք համարում ենք, որ Զարուհի Նախշքարյանը արդար դատաքննության սիմվոլներից է և նրա լիազորությունների դադարեցումը մեզ հետ է շպրտելու իրավական պետության գաղափարից:
Ներողություն ենք խնդրում մեր վստահորդներից պատճառված անհարմարությունների համար: Սա ևս ձեզ համար արվող քայլ է», - ասված է փաստաբանական ընկերության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավորի նկատմամբ հայտարարելով խիստ նկատողություն։
Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Նիկոլ Փաշինյանի դստեր՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանի հաղորդման հիման վրա։
Դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը կողմ են քվեարկել ԲԴԽ 5 գիտնական անդամները. դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը դեմ է քվեարկել, դատավորներ Անի Մխիթարյանը և Մեսրոպ Մակյանը հատուկ կարծիք են ներկայացրել։