03/12/2021 13:48
Մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ դեսպանը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին հույս ունի, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում կքննարկվեն մարդասիրական խնդիրները:
«Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ, քննարկումները շարունակվում են։ Հուսով ենք՝ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։ Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու մարդասիրական խնդիրները», - լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ դեսպանը։
Նա ընդգծեց՝ մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն։
Հիշեցնենք՝ Երևանը համաձայնել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Հանդիպում անցկացնելու մասին առաջարկն ընդունվել է։ Հայաստանը հաստատում է իր մասնակցությունը», - Aysor.am-ին ասել էին ՀՀ արտգործնախարարությունից։
Ադրբեջանական կողմը ևս համաձայնել է Բրյուսելում հանդիպում անցկացնելու առաջարկին։