03/12/2021 17:17
Կիպրոսը բանաձև է ընդունել. դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատն այսօր միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը:
Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ, պահանջում է ի կատար ածել 2020թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը:
Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:
Բանաձևը նաև դատապարտում է թուրքական ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում: