06/12/2021 19:35
Իշխանական պատգամավորներն անգամ չեն էլ թաքցնում, որ շատ լուրջ, կուլիսային պրոցեսներ կան՝ մեր զգայուն խնդիրների հետ կապված․ Ռուստամյան
«Ակնհայտ դարձավ, որ ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը չի ցանկանում որևէ կերպ անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Նրանք խուսափում են որևէ ձևով հրապարակային դարձնել այն պրոցեսը, որն այսօր տեղի է ունենում, մեր խորին համոզմամբ, ժողովրդի թիկունքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Այն փաստը, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամները հրաժարվել են բաց ձևաչափով քննարկել «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը, ըստ Արմեն Ռուստամյանի, խորացնում է կասկածները, ըստ որոնց ՀՀ իշխանության ղեկավարը անվտանգային հարցերի շուրջ կուլիսային բանավոր պայմանավորվածություններ ունի։
«Տեղի է ունենում մի պրոցես, որից մենք պետք է օր առաջ դուրս գանք։ Դա հետևյալն է․ կա բանավոր և գրավոր համաձայնությունների գործընթաց, և մենք ականատեսն ենք լինում այդ բանավոր համաձայնությունների կործանարար հետևանքներին՝ միայն պոստ-ֆակտում, դրանք կատարվելուց հետո։ Սրանում է վիճակի վտանգավորությունը, և սա ուղիղ սպառնալիք է մեր ազգային շահերին։ Այն, ինչ ենք անում էինք հայտարարության միջոցով, նաև դա կանխելու նպատակ էր հետապնդում, և երբ նրանք մերժեցին, ուղղակի ավելի ամրապնդեցին այն համոզումը, որ գոյություն ունի բանավոր պրոցես։ «Մի՛ խանգարեք, մեր ղեկավարը գիտի՝ ինչ է անում»։ Սա է նրանց ասածը»,- նշեց Ռուստամյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ երկրի սահմաններին, անվտանգությանը վերաբերող հարցերում ԱԺ-ը հսկայական դերակատարում ունի, հատկապես, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներն այդ ընկալումը չունեն։ Պնդելով, որպեսզի սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը փակ ձևաչափով քննարկվի, հանձնաժողովի իշխանական անդամները պատճառաբանել են, որ խոսքն զգայուն հարցերի մասին է, ինչով ավելի են խորացրել հասարակության ու ընդդիմության մտահոգությունները։
«Կարծես թե՝ զգայուն հարցերն արդեն դարձել են փակ։ Հենց սա է խնդիրը, որ նորից մեծացնում է մտահոգությունը։ Այո, կան զգայուն հարցեր, և որպեսզի այդ զգայուն հարցերը ողջամիտ կասկածանքի չվերածվեն, պետք է քննարկումը կատարվի հրապարակային։ Այսինքն, նրանք անգամ չեն էլ թաքցնում, որ շատ լուրջ, այսպես ասած՝ կուլիսային պրոցեսներ կան՝ մեր զգայուն խնդիրների հետ կապված»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։