06/12/2021 19:45
Ուրախալի կլիներ, եթե վերաարժևորման գործընթացների արդյունքում մարդիկ փոքր առ փոքր երես թեքեին իշխող ուժից. Քաղաքագետ
Շատ ուրախալի կլիներ, եթե գործող իշխանության վարած քաղաքականության առնչությամբ հասարակության գիտակցության մեջ փոփոխություններ կամ վերաարժևորման գործընթացներ տեղի ունենային։ Ուրախալի կլիներ, եթե վերաարժևորում տեղի ունենար և հասկանալի դառնար, որ դրա արդյունքում մարդիկ փոքր առ փոքր երես են թեքում իշխող ուժից և այլընտրանքներ գտնում։ Սակայն, ցավոք, այդպիսի բան տեղի չի ունենում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների թեմային։
«ՏԻՄ ընտրություններում գլխավոր և հիմնական դերակատարումը շարունակում են ունենալ անձինք և ոչ թե կուսակցությունները կամ նրանց գաղափարներն ու քաղաքական գիծը։ Սրանք որևէ կերպ տեղ չունեն ՏԻՄ ընտրություններում։ Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, թե ինչքան նոր դաշինքներ կան։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդիկ, որևէ կուսակցության հետ չնույնացվելու համար, հայթայթում են երկու կուսակցություն, որի շրջանակներում օրենքը թույլ կտա դաշինք ձևավորել», - ասաց քաղաքագետը։
Սուրեն Պետրոսյանը շեշտեց՝ իշխանությունն օգտագործում է նորաստեղծ դաշինքներով ձայներ տանելու ռազմավարությունը՝ միաժամանակ քողարկելով իր իրական կապը դրանց հետ։
«Եթե այս կամ այն համայնքում բնակչությունը բացասական վերաբերմունք ունի ՔՊ-ի հանդեպ, ապա ՔՊ-ն ձևավորում է որևէ դաշինք՝ անունը դնելով, օրինակ, այսինչ այսինչյան դաշինք։ Իսկ եթե ազգաբնակչությունն ակնհայտ դրական վերաբերմունք ունի, իշխանությունը չի էլ ուզում, որ իրենց թեկնածուի անուն-ազգանունը շրջանառվի՝ փոխարենն անընդհատ շեշտելով ՔՊ-ի թեկնածու արտահայտությունը», - ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ երեկ հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Խոշոր այնպիսի համայնքներում, ինչպիսիք են Աբովյանը, Վանաձորը, Մասիսը, Եղեգնաձորը և այլն, «Քաղաքացիական պայմանագիրը»-ը պարտություն է կրել։