07/12/2021 17:12
«Շնորհակալություն, առողջություն եմ մաղթում բոլորին»․ Հրաչյա Հակոբյանը չպատասխանեց՝ ինչու էր հայհոյում խորհրդարանում (Տեսանյութ)
Խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել․ ըստ տեղեկությունների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխող խմբակցության՝ ՔՊ-ի մի խումբ պատգամավորներ և օգնականներ ուժ են գործադրել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների նկատմամբ։
ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին թվացել է, որ միջանցքով անցնելիս՝ ընդդիմադիր դաշինքի պատգամավորների օգնականներն իրենց «թարս» են նայել։ Օգնականների հետ խոսակցությունից ժամեր անց իշխանավորները նրանց հրավիրել են Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ՝ «բացատրության», ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի։
Աղմկոտ միջադեպին, ըստ ականատեսների, մասնակցել են իշխանական խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը։
Ալեքսանյանից ու Հակոբյանից լրագրողները փորձեցին տեղեկություն ստանալ միջադեպի պատճառների մասին, նրանք խուսափեցին մեկաբանություններից։
«Ներկա էինք, լսեցինք, թե ինչպես էիք հայհոյում, ի՞նչ է տեղի ունեցել», - Հակոբյանին հարցրին լրագրողները։
«Ասում եք՝ ներկա ենք եղել։ Որ ներկա եք եղել, էլ ի՞նչ ասեմ», - պատասխանեց Հակոբյանն ու նշեց, որ շտապում է նիստի։
ՔՊ-ական պատգամավորը պնդեց նաև, որ երբ ինքը հասել է «դեպքի վայր», ծեծկռտուքն արդեն սկսվել էր, չգիտի՝ ով էր մեղավոր։ «Շնորհակալություն, առողջություն եմ մաղթում բոլորին»,- վերջում ավելացրեց Հակոբյանն ու հեռացավ։