07/12/2021 16:42
Ապաշնորհ քաղաքականությունը, որը վարում է գործող իշխանությունը, մեզ տանում է կործանման․ Վահե Հակոբյան
«Իշխանության վարկանիշը շարունակում է կատաստրոֆիկ տեմպերով ընկնել»,- ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի գրանցած արդյունքներին անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Իշխանության պնդումները, թե ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ամեն դեպքում հաղթանակ է տարել, քանի որ քաղաքացիներն ազատ ընտրություն կատարելու հնարավորություն են ստացել, Վահե Հակոբյանը պոպուլիզմ համարեց։
«Նրանք հավատարիմ են մնում իրենց որդեգրած «սկզբունքներին», որտեղ իշխող են մնում սուտը, կեղծիքը և պոպուլիզմը»,- նշեց նա։
Ապաշնորհ քաղաքականությունը, որը վարում է գործող իշխանությունը, մեզ տանում է կործանման, համոզված է պատգամավորը։ Հերթական վկայությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունն է՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
«Դավաճանական, քայքայիչ, ապաշնորհ շարունակական քաղաքականություն տանելով՝ այս իշխանությունները հնարավորություն են տալիս մեր թշնամիներին՝ նման հայտարարություններ անել։ Ադրբեջանը խոսում է հաղթողի դիրքից, բայց մեր պարտությունն էլ կրում է շարունակական բնույթ։ Սա է ամբողջ խնդիրը, թե ուր են բերել, հասցրել մեր պետականությունը, մեր ժողովրդին, մեր երկիրը՝ Նիկոլն ու իր խմբակը»,- ասաց պատգամավորը։
Վահե Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանին միջանցք տալու կամ չտալու հարցը մեծապես կախված է Հայաստանի իշխանությունների կամքից, բայց ակնհայտ է, որ Փաշինյանի օրոք Ալիևը կարող է ստանալ այն, ինչ ուզում է։
«Միակ տարբերակն այս կառավարության անհապաղ հեռացումն է։ Դա պետք է անել միասնական ուժերով։ Համոզված եմ, որ համախմբված դուրս կբերենք մեր երկիրն այս իրավիճակից», - ասաց Վահե Հակոբյանը։