07/12/2021 17:39
ԱՄՆ դեսպանատան ակնարկը նշանակում է՝ աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների հետ Փաշինյանի «մեղրամիսը» մոտենում է ավարտին. Վիգեն Հակոբյան
Այն, ինչ ՏԻՄ ընտրությունների առնչությամբ արձանագրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ցույց է տալիս՝ ինչի մասին խոսում էին իշխանությունները, և ինչի մասին իր էջում հպարտությամբ գրում էր Նիկոլ Փաշինյանը, իրականության հետ որևէ աղերս չունեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ դեսպանատունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ իրենց ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ են հասել։
«Խոսքը, կարծում եմ, գնում է վարչական և ուժային ռեսուրսների օգտագործման մասին։ Այսինքն՝ բոլոր հնարավոր մեթոդները կիրառվում են, բայց նույնիսկ այդ պարագայում ոչ բոլոր տեղերում է հաջողվում ՔՊ-ի ներքո հանդես եկողին դարձնել համայնքի ղեկավար։ Մենք տեսանք, թե առժամանակ առաջ ինչ կատարվեց Մեղրիում։ Մրցակիցները ցանկություն ունեցան ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի», այլ միմյանց հետ հետ դաշինք կազմել։ Այսինքն՝ ՔՊ-ի հետ այն ժամանակ որևէ մեկը ցանկություն չունեցավ աշխատելու և նրա իմիջն, այսպես ասած, իր վրա քաշելու։ Կարծում եմ՝ այս միտումը շարունակվելու է», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Վերադառնալով ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը՝ քաղաքագետը շեշտեց՝ այն հստակ աշխարհաքաղաքական համատեքստ ունի։
«Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների հետ Փաշինյանի «մեղրամիսը» մոտենում է ավարտին։ Եթե շատ բաների վրա նախկինում աչք էր փակվում, այս հայտարարությամբ, այս ակնարկով ԱՄՆ դեսպանատունը հասկացնում է՝ շատ բաներ, որոնք նախկինում ներվում էին, այժմ չեն ներվելու», - ասաց քաղտեխնոլոգը։