07/12/2021 16:51
Իշխանությունն ուղղակիորեն ձեռքերը լվացել է աղետի գոտուց. Փաշինյանը կտրուկ մոռացավ տնակային ավանների մասին նախկին ելույթները. Գագիկ Համբարյան
Դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն աղետի գոտու թեման արծարծում էր իշխանություններին քննադատելու համար, մատնանշում Գյումրիում ահռելի քանակությամբ տնակների առկայությունը, և շատ-շատերը հույս ունեին, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո աղետի գոտու խնդիրները կլուծվեն։ Բայց խնդիրներն ինչպես կային, այդպես էլ մնացին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Սպիտակի ավերիչ երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում առկա սոցիալական խնդիրներին։
«Եթե նախկին իշխանությունները չէին խոստանում, որ շատ արագ կլուծեն տնակային ավանների բեռնաթափման հարցը և չէին էլ հերքում, որ այդ ավանները կան, Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո մենք ականատես եղանք շատ տխուր փաստի. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կերպարը շատ կտրուկ մոռացավ իր նախկին ելույթները, և նրա կառավարման օրոք պարզվեց, որ աղետի գոտում ընդհանուր առմամբ մոտ 500 տնակ կա՝ Շիրակի և Լոռու մարզերում։ Սա այն դեպքում, երբ միայն Գյումրիում, ըստ տարբեր տվյալների, ընտանիքներով բնակեցված 3500-4000 տնակ կա։ Այսինքն՝ Գյումրիում տնակային ավանների առկայությունը շատ հմտորեն օգտագործվեց գործող իշխանությունների կողմից՝ իշխանության գալու համար», - ասաց Գագիկ Համբարյանը։
Գյումրեցի քաղաքագետի խոսքով՝ տնակային ավաններում խայտառակ սոցիալական վիճակ է տիրում, և կյանքի պայմաններն այնքան վատն են, որ հնարավոր չէ համեմատել նույնիսկ աֆրիկյան հետամնաց երկրների աղքատ բնակչության պայմանների հետ։
«Գործող իշխանություններն ուղղակիորեն ձեռքերը լվացել են աղետի գոտուց՝ շատ պարզ հասկացնելով, որ օգտագործել են տնակային ավանների խնդիրը՝ նախկիններին քննադատելու համար, բայց իշխանության գալուց հետո նպատակ չունեն առկա խնդիրները լուծելու։
Եթե նախկին իշխանությունների՝ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ մանավանդ Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ, և «Լինսի» հիմնադրամի ծրագրերով աղետի գոտում մոտ 20 հազար բնակարան կառուցվեց, ապա գործող իշխանություններն, արդեն երեքուկես տարի, երկրաշարժի հետևանքները վերացնելու որևէ ծրագիր չեն իրականացրել»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։