07/12/2021 16:30
Ապաշրջափակման անվան տակ հայտնվելու ենք խորը շրջափակման մեջ․ Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Սահմաններին առնչվող գործընթացներն իրականացնելիս չափազանց դժվար է լինելու ադրբեջանցիներին իրենց զբաղեցրած տարածքներից հետ շպրտելը, լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց՝ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը պաշտոնապես չմեկնարկած՝ հայկական կողմն այնպիսի քայլեր է անում, որոնք իրենցից սահմանների ճշտման գործընթաց են ներկայացնում։
«Երբ ադրբեջանցիները մաքսակետ տեղադրեցին, միանգամից մեր կողմից տարան, դիմացը մաքսակետ տեղադրեցին։ Երբ անհրաժեշտ է լինում արագ զինվորական ստորաբաժանում տեղակայելու որոշում կայացնել մեր սահմանները պաշտպանելու համար, չեն անում, բայց ադրբեջանցիների մաքսակետի դիմաց միանգամից մեր մաքսակետը տեղադրում են։ Սա նշանակում է ժողովրդից թաքուն, ժողովրդի թիկունքում, նաև ընդդիմությունն այդ գործընթացներին չի մասնակցում, իրականացնել սահմանների ռեալ ճշտումներ, մանավանդ, որ ադրբեջանցիներն այդ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնում են պարտադրանքի ձևով»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Ալիևի վերջին հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին, ըստ Օհանյանի, հերթական վկայությունն է, որ Հայաստանի իշխանություններն ադրբեջանական հարկադրանքի ու ճնշման տակ են։
«Տեսեք՝ ինչպես է նա խոսում․ թող ասեն՝ որ օրն են այդ միջանցքը բացելու։ Ես երկար ուսումնասիրել եմ, որ այդ ապաշրջափակման անվան տակ երկու հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել․ առաջինը թուրք-ադրբեջանական կողմից Հայաստանի իշխանությանը խաբելն է, երկրորդը՝ այդ ապաշրջափակումը մեզ համար լինելու է խորը շրջափակում, որովհետև միջանցքի անուն տալը նշանակում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհ պետք է լինի այդ հատվածում։ Ապաշրջափակման անվան տակ մենք հայտնվելու ենք խորը շրջափակման մեջ՝ տնտեսական ճնշմամբ և Սյունիքի հատվածում մեր ժողովրդագրական դիմանկարի փոփոխությամբ։ Խնդիրը մեկն է և կայանում է նրանում, որ Ալիևն ինչ ուզում, այն էլ այսօր պարտադրում է»,-շեշտեց Օհանյանը։
Ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ ակնհայտ է նաև այն, որ գաղտնի բանավոր պայմանավորվածություններ կան, որոնց վրա հիմնվելով էլ Իլհամ Ալիևը վստահ շարունակում է այն հռետորաբանությունը, որի դրսևորմանը ականատես եղանք նաև այսօր՝ «Զագեզուրի միջանցքի» մասին նրա նոր հայտարարությամբ։