07/12/2021 20:16
Զգում են, որ իշխանությունն իրենց տակից գնում է, հավասարակշռությունից դուրս են եկել ու դիմում են այսպիսի քայլերի․ Տարոն Տոնոյանը՝ ԱԺ-ում ՔՊ-ականների հրահրած միջադեպի մասին
«Եթե այդքան մարտական են, տեղը կար ցույց տալու․ պատերազմի դաշտում թող գեթ մեկ մասնակցություն ունենային, գեթ մեկ վիրավոր լիներ իրենցից։ Գոնե էդ դեպքում կմտածեինք, որ տղամարդուն հարիր բան կա իրենց մեջ»,- անդրադառնալով իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների վարքագծին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական բժիշկ, ՀՅԴ անդամ Տարոն Տոնոյանը։
Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հրահրմամբ ու մասնակցությամբ այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառները Տարոն Տոնոյանն ակնհայտ համարեց։
«Հարցն ավելի խորքային է։ ՏԻՄ ընտրություններին խայտառակ վիճակը, այն հանգամանքը, որ իրենք զգում են, որ իշխանությունն իրենց տակից գնում է արդեն, հավասարակշռությունից դուրս են եկել և դիմում են այսպիսի քայլերի։ Եթե մենք իրավական պետություն ենք, ԱԺ-ում տեղի ունեցածի համար իշխանությունները պետք է համարժեք պատասխան տան, համարժեք քայլեր պետք է արվեն հենց իրենց կողմից։ Երբ պետությունը որևէ անելիք չունի, այդտեղ տեղի է ունենում անարխիա, այսինքն՝ ամեն մարդ իր ձևով է որոշում՝ ինչպես հարցերը լուծել, և սա լավ տեղ չի տանում»,- նշեց Տարոն Տոնոյանը։
Նա ընդգծեց՝ այսպիսի տրամաբանությամբ քաղաքականությունը, որն, ի դեպ, իշխանությունը որդեգրել ու վարում է հենց առաջին օրվանից՝ 2018 թվականից, հասարակությանն ավելի է աղճատելու, ավելի բևեռացնելու։