07/12/2021 20:23
Պատգամավորները, ովքեր այսօրվա միջադեպի պատասխանատուն են, պետք է վայր դնեն մանդատները․ ակցիայի մասնակիցները հրապարակեցին իրենց պահանջը
Խորհրդարանում ՔՊ խմբակցության պատգամավորների հրահրած ծեծկռտուքը դատապարտող ակցիայի մասնակիցները հրապարակեցին իրենց պահանջը՝ ուղղված իշխանություններին։
«Գտնում ենք, որ այն պատգամավորները, ովքեր այս դեպքի հետ առնչվել են, իրավունք չունեն ՀՀ ԱԺ-ի պատգամավորը մանդատը կրելու և պահանջում ենք, որպեսզի այդ պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները։ Այդքանով կհամարենք, որ հարցը հարթված է»,- պահանջը հնչեցրեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։
Նա նշեց՝ եթե միջադեպի պատասխանատու և մասնակից իշխանական պատգամավորներն իրենց մանդատները վայր չդնեն, իշխանությունն է կրելու հետագա բոլոր զարգացումների պատասխանատվությունը։
«Դիմում ենք իրենց․ այդ մարդկանց արարքը պատգամավորի վայել արարք չէ․ դա պետք է դատապարտվի, քայլ արվի, որպեսզի հետագայում նման բան այլևս չկրկնվի»,- նշեց Կարապետյանը։
Նա հավելեց՝ ընդդիմադիր խմբակցության օգնականների նկատմամբ իշխանական պատգամավորների այսօրվա արարքը խուլիգանություն է։ Եթե այն չդատապարտվի, պետության ներսում, փաստացի, ընդունելի կդառնա հարցերը բռունցքներով լուծելու տարբերակը։
«Իրենք են այս հարցի տերն ու տիրականը, գնդակն իրենց դաշտում է։ Միջադեպը պետք է դատապարտեն, և այն պատգամավորները, ովքեր եղել են միջադեպի պատասխանատուն, պետք է վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները»,- ամփոփեց Սարգիս Կարապետյանը։