07/12/2021 17:03
Ժողովրդին առաջարկվում է ընտրություն կատարել մեռնելու կամ քարշ գալու, ծնկի գալու կամ հանձնվելու միջև. այս իշխանությունն ընդամենը մեկ քայլ ունի անելու՝ թողնել ու հեռանալ. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է Հայաստանին միջանցքի հարցը ուժի կիրաման միջոցով լուծել:
«Ավելին, Ալիևը պահանջել է կոնկրետ ժամկետ հնչեցնել, թե երբ է տրամադրվելու միջանցքը՝ նշելով, որ միայն այդ դեպքում Հայաստանը նոր խնդիրների առաջ չի կանգնելու: Սա այն նույն Ալիևն է, ով արցախյան առաջին պատերազմի օրերին փախել էր դեպքերի էպիկենտրոնից ու իր օրվա հաճույքներն էր անցկացնում Թուրքիայի տարբեր ժամանցային կենտրոններում: Սա այն նույն Ալիևն է, ով 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների 4-րդ օրը հրադադար էր մուրում ռազմական գործողությունների դադարեցման համար, սա այն նույն Ալիևն է, ով 2016 թվականի աշնանը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, սա այն նույն Ալիևն է, ով խոստովանում էր, որ իր երազանքն է համարել Հայաստանին ծնկի բերելը, սակայն դա իրեն հաջողվել է միայն 2020 թվականին», - հայտարարեց պատգամավորը:
Նա ընդգծեց՝ Ադրբեջանի համար բարենպաստ իրավիճակ ստեղծվեց 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ երկրի ղեկը ստանձնեցին անձինք, որոնց հետևողական ջանքերով երկրում դոմինոյի էֆեկտով փլուզվեցին պետական ինստիտուտները, շրջանառության մեջ դրվեցին «հայաստանցի-ղարաբաղցի», «սևեր ու սպիտակներ» վտանգավոր թեզերը, ծավալվեց հակաղարաբաղյան շարժում: «Հայաստանի համար անվտանգություն ապահովող համակարգերը նպատակային ձևով շարքից հանվեցին, ընդ որում, փլուզվեց հասարակական համերաշխությունը, հայի ոգին, միասնությունը, համախմբվածության ողջ պոտենցիալը: Այսօր էլ այս իշխանությունը հանրությանը կանգնեցրել է նոր աղետի շեմին, որտեղ մեր ժողովրդին առաջարկվում է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու, ծնկի գալու կամ հանձնվելու միջև: Մեզ բոլորիս փորձում են համոզել, որ հայը ապրելու, պայքարելու հնարավորություն այլևս չունի ու միակ տարբերակը հանձնվելն է: Այս իշխանությունն ընդամենը մեկ քայլ ունի անելու՝ թողնել ու հեռանալ», - հայտարարեց Տիգրան Աբրահամյանը: