08/12/2021 19:05
Գերիների մասին հայտարարությամբ ԱԺ նախագահն ուղղակի ուզում է դուր գալ իր թիմի ղեկավարին. Լարիսա Ալավերդյան
Երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ գերիներն իր համար չկան, չի զգում, որ բարձր պաշտոնատար անձ է։ Խնդիրն անձնական, ամբողջովին անգրագետ մոտեցման մեջ է. երբ գերիների մասին են խոսում, երբևիցե չի կարելի ասել՝ «ինձ համար նրանք գոյություն չունեն»՝ անկախ նրանից, թե ինչպես են այդ մարդիկ գերության մեջ հայտնվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պարտավոր է անել հնարավորը՝ օր առաջ գերիներին վերադարձնելու հայրենիք։
«Գերիների՝ հայրենիքում հայտնվելուց հետո վարչապետը չպետք է կարգադրի սկսել քրեական գործեր (որովհետև նա իր վերջին հայտարարություններից մեկով ամբողջովին քաղաքականացրեց գերիների հարցը)։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին, նա ուղղակի ուզում է դուր գալ իր թիմի ղեկավարին։ Այլապես բացառվում է, որ պաշտոնատար անձը անի ոչ թե նման, այլ մինչև անգամ դրան մոտիկ հայտարարություն։
Սա պարզապես ապացուցում է, որ Ալեն Սիմոնյանն ազգային շահերի տեսակետից շատ պատահական է հայտնվել իր աթոռին, բայց իրենց ուզած խնդիրների լուծման տեսակետից դա բացարձակապես պատահական չէ։ Իրենց քաղաքական ուժ կոչող այդ մարդիկ ամբողջ գործունեությունն ուղղում են թուրք-ադրբեջանական, հայերի հանդեպ ցեղասպանական ծրագրերի իրականացմանը», - նշեց Լարիսա Ալավերդյանը։