08/12/2021 12:19
Այն, ինչ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ, դատախազության և մեր իրավապահ համակարգի խայտառակությունն էր. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
Հրաչյա Հակոբյանը հերթական անգամ իր կեղծ հրապարակային հայտարարություններով փորձում է նորից շեղել հանրության ուշադրությանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրառնալով ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե Գերասիմ Վարդանյանը մեղավոր չէ, իրեն ԱԺ բերողներն են մեղավոր։
Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականնների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, թե քրեական գործերով անցնող Գերասիմ Վարդանյանի խորհրդարան բերողներն են մեղավոր։
«Այն, ինչ Հրաչյա Հակոբյանը ներկայացնում է, առաջին հերթին բնութագրում է իրենց, իրենց խմբակին և իրենց վարքագիծը։ Մենք մեր խմբակցության կողմից գնահատականը հնչեցրել ենք և այս պահին սպասում ենք քաղաքական իշխանության գնահատականին, դատապարտմանը և պատասխանատվության միջոցների առաջարկին կամ կիրառմանն այն պատգամավորների նկատմամբ, ովքեր իրենց պահել են ոչ միայն առերևույթ հանցագործություն բնութագրվող տարբեր դրսևորումներով, այլ նաև ցուցաբերել են շարունակական բնույթ կրող և Ազգային ժողովի հեղինակությունը զրոյացնելու ուղղված գործողություն», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը չհերքեց, որ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործեր կան այնպես, ինչպես «Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորների նկատմամբ։
Մինասյանն ասաց, թե Գերասիմ Վարդանյանը որևէ ձևով որպես մեղադրյալ չի անցնում ԱԺ նախագահի սպանության փորձ կազմակերպելու քրեական գործով։
«Սա հիմարության գագաթնակետն է և այս անձնավորությունը չի էլ հասկանում, թե ինչ է խոսում», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ այն, ինչ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ, դատախազության և մեր իրավապահ համակարգի խայտառակությունն էր։
«Ակնհայտ ոտնատակ տրվեց Սահմանադրությունը և օրենքը։ Իրավական պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու և այս մարդիկ ինչքան էլ փորձեն շեղել հանրության ուշադրությունը, ինչքան էլ փորձեն ԱԺ-ն որպես ներկայացուցչական մարմին ոչնչացնել, մենք դա թույլ չենք տալու», - ասաց Արծվիկ Մինասյանը։