08/12/2021 18:23
Ալեն Սիմոնյանի համար հայրենիքը, զոհերը, գերիները և նրանց տառապանքները զրո արժեք ունեն, որովհետև հայրենիքի կորստից հետո նա հունական կղզներում կյանքն էր վայելում. Ավետիք Իշխանյան
Կուսակցություն կոչված «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից որևէ մեկն, իմ համոզմամբ, ինքնուրույն կարծիք չունի։ Նրանք, այս կամ այն ձևով, արտահայտում են վարչապետ կոչեցյալի կարծիքը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին խոսքերը պետք է դիտարկել այս համատեքստում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Եթե հիշենք, նա Ազգային ժողովում մի առիթով ՄԻՊ-ի գործունեությունը կասկածի տակ դնող մեկ այլ արտահայտություն ևս արել էր, և դա որևէ հետևանք չէր ունեցել, ավելին՝ խրախուսվել էր նրանց հոգևոր առաջնորդ վարչապետի կողմից։ Որովհետև, եթե Ալեն Սիմոնյանը դույզն-ինչ կասկածեր, որ գերիների մասին իր խոսքերը կարող են հետևանքներ ունենալ, նա ընդհանրապես նույնիսկ անձնական խոսակցության ժամանակ նման արտահայտություններ չէր անի», - ասաց իրավապաշտպանը։
Ավետիք Իշխանյանը շեշտեց՝ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին աղմկահարույց հայտարարությունները կարելի է մի քանի հարթության մեջ դիտարկել՝ առաջին, որ դրանք հակապետական մտածողության արգասիք են, երկրորդ՝ հակամարդկային են և երրորդ՝ այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ տվյալ անձը բացարձակապես զուրկ է խղճի, գթասրտության որևէ զգացմունքից, ինչպես նաև պետական մտածողությունից։
«Ի դեպ, ասեմ՝ դրա ապացույցն է նաև, երբ նա պատերազմում կրած պարտությունից, հայրենիքի կորստից հետո հունական կղզներում կյանքն էր վայելում։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի համար հայրենիքը, զոհերը, գերիները և նրանց տառապանքները զրո արժեք ունեն, ինչպեսև իր բոլոր կուսակիցների համար», - նշեց Ավետիք Իշխանյանը։