08/12/2021 12:55
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորի կյանքը փրկվել է, ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, փայտյա և մետաղյա մահակներ
Դեկտեմբերի 7-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 21-ամյա Ռոբերտ Ն.-ն է:
Նա դանակահարվել է Գաջեգործների փողոցում: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22:00-ին, ապա դեկտեմբերի 7-ին, ժամը 08:30-ին Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում Ռոբերտ Ն.-ն իր ընկերների՝ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Ավետիք Ա.-ի, Երևանի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պ.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Բեգլար Հ.-ի հետ վիճաբանել են Լոռու մարզի բնակիչներ, 28-ամյա Մհեր Կ.-ի, 22-ամյա Էմանուել Ա.-ի և նրանց ընկերների հետ, որի ժամանակ, խախտելով հասարակական կարգը, միմյանց նկատմամբ տվել են հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեկտեմբերի 7-ին վիճաբանության ժամանակ Մհեր Կ.-ն դանակով հարվածել է Ռոբերտ Ն.-ին, իսկ Դավիթ Պ.-ն իր մոտ եղած «Վալտեր» տիպի ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել Մհեր Կ.-ի և նրա ընկերների ուղղությամբ:
Էրեբունու ոստիկանները Դավիթ Պ.-ին հայտնաբերել են Երևանում, այնուհետև նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը և 1 հատ մետաղյա, 1 հատ փայտյա մահակներ:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: