08/12/2021 17:45
Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Սկզբում ասում էիք, որ Ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք դրա համար Ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն, հետո արդեն ասում էիք, որ դեռ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործություն է, թե ոչ։ Հիմա մի հատ կողմնորոշվեք, գերիների՝ դրսում կանգնած ծնողները սպասում են Ձեր պատասխանին։ Ի վերջո, ինչպիսին է Ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակված է արդյոք այդ հարցը Ձեզ համար, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի և իր ասածում ոչ մի զարմանալի բան չկա.
«Ի՞նչն է էդտեղ զարմանալի։ Ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, որովհետև կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ կլինեն։ Ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու, իհարկե, արվելու է։ Արվել է, արվում է և արվելու է, իմ ասածների մեջ ինչն է տարօրինակ»։
Էլինար Վարդանյանն արձագանքեց, թե գիտի, որ զինվորականներն ունեն պարտականություններ, ապա հարցրեց.
«Դո՛ւք Ձեր պարտականությունները գիտե՞ք։ Դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ, հետո քրեական գործեր հարուցելու սպառնալիքով եք խոսում գերիների հետ։ Բա նոյեմբերի 9-ից հետո Դո՞ւք որտեղ էիք, կողմնորոշվե՞լ էիք։ Թեև կարող եք չպատասխանել, շատ լավ գիտենք՝ որտեղ էիք»։
«Ես նոյեմբերի 9-ից հետո էլ, առաջ էլ իմ պաշտոնավարման դիրքերում եմ եղել։ Ես ոչ մի վայրկյան դրանից չեմ կտրվել։ Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք, թե էդ որտեղ էիք։ Հայաստանի Հանրապետությունում էի։ Իսկ ես ում հետ կհանդիպեմ, ում հետ չեմ հանդիպի՝ էդ իմ որոշումն ա, էդ դուք չեք որոշում, թե ես ում հետ հանդիպեմ, ում հետ՝ չհանդիպեմ», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։