08/12/2021 12:44
Տհաճ, ինձ համար անընդունելի տեսարան էր, դատապարտում եմ. չի կարելի բռնությամբ հարցեր լուծել. Սիսակ Գաբրելյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին
Միջադեպի մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև ներկա չեմ եղել և ցավում եմ, որ ներկա չեմ եղել ոչ թե նրա համար, որ ուզում էի լինել, այլ գուցե փորձեի ինչ-որ բան կանխել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Ես հասել եմ այն պահին, որ պահին` դուք էլ էիք հասել։ Մամուլի վերնագրերից եմ իմացել, որ ես էլ եմ ներկա եղել ծեծկռտուքին», - լրագրողներին ասաց Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է ծեծկռտուքից առաջ միջանցքում դաշնակցական երիտասարդների հետ խոսակցությանը, Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց.
«Չէի ուզենա դրան անդրադառնալ։ Ես անձամբ իրենց ձեռքս մեկնել եմ, ջանով-ջիգյարով ասել եմ՝ տղերք ջան գնացեք, ոչ մի խնդիր չկա։ Հետո հասել եմ էն պահին, որ աղմուկ էր լսվում։ Մոտեցել եմ մի տղայի, որի հետ քաշքշուկ էր, իրեն գրկել եմ, ուղեկցել եմ դեպի դուռը և ասել՝ գնա։ Տհաճ, ինձ համար անընդունելի տեսարան էր, դատապարտում եմ», - ասաց Սիսակ Գաբրիելյանը։
ՔՊ-ական պատգամավորը պնդեց՝ ծեծկռտուքը չէր կարող սկսել միջանցքում իրենց և դաշնակցական երիտասարդների միջև տեղի ունեցած խոսակցությունից, իսկ թե ինչից է սկսել՝ չի կարող ասել։
«Անընդունելի է, դատապարտում եմ, չի կարելի բռնությամբ հարցեր լուծել», - ասաց Սիսակ Գաբրիելյանը։