08/12/2021 16:40
Թուրքիայում անցկացված սոցհարցման մասնակիցների կեսից ավելին չի աջակցում Էրդողանին
«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասնակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։
Հարցվածների 71 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, 72․1 տոկոսը պնդել է, որ գործող կառավարությունը չի կարող հաղթահարել ճգնաժամը։ 84․2 տոկոսի կարծիքով՝ ճգնաժամի մեղքի ամենամեծ մասնաբաժինը Թայիբ Էրդողանինն է, իսկ հարցվածների 80․3 տոկոսը մտածում է, որ Էրդողանը վատ է կառավարում տնտեսությունը։
Արտահերթ ընտրությունների դեպքում 30․4 տոկոսը նշել է, որ իր քվեն տալու է գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը, իսկ 27․6 տոկոսը՝ Էրդողանի ղեկավարած իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։