08/12/2021 19:25
Գերիների՝ գերի մնալու հաշվին մեծ վայելքների մեջ ապրող Ալեն Սիմոնյանի խոսքերն ուղղակի պետական, ազգային, մարդկային խայտառակություն էին. իրավապաշտպան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպաններ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ հայտարարությունն առավել քան սպառիչ է։ Դրանով ամեն ինչ ասված է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների գնահատականին, որ ԱԺ նախագահի՝ գերիների հարցով երեկվա հայտարարությունները խոչընդոտում են իրավապաշտպան գործունեությունը։
«Իրավապաշտպանների համատեղ հայտարության տեքստում, կարծում եմ, զսպվածության բավական բարձր աստիճան կար։ Ես իմ կողմից կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանի խոսքերն ուղղակի խայտառակություն էին՝ պետական, ազգային, մարդկային խայտառակություն, որը թե՛ մեր պետությունն է թուլացնում, թե՛ ազգային առումով հերթական նվաստացումն է, և թե՛ լրջորեն վտանգում է այս իշխանությունների օրոք անվտանգության տեսանկյունից ցանկացածն գործունեություն։
ԱԺ նախագահի հայտարարությունները ապամոտիվացման նոր ազդակներ և հնարավորություններ են ստեղծում՝ որևէ կերպ մասնակցելու մեր պետության պաշտպանությանը», - նշեց Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ մի մարդ, որը գերիների՝ գերի մնալու հաշվին մեծ վայելքների մեջ է, ապրում է պետության հաշվին, ծառայողական նոր մեքենաներ է ձեռք բերում և անընդհատ վոյաժների մեջ է, գերիների մասին աղմկահարույց հայտարարություն անելու իրավունք չուներ։
«Մարդ, որը պատերազմից ընդամենը 7-10 օր առաջ հոխորտում էր՝ « Աղդամն իմ հայրենիքն է», լուսանկարներ էր հրապարակում և լայքեր հավաքում, այդ լայքերի կողքին այսօր անպատեհ, խայտառակ հայտարարություններ է կատարում։
Այս ամենը որևէ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում։ Այս ամենը տեղավորվում է միայն նիկոլիզմի տրամաբանության շրջանակներում՝ բնորոշելով գործող համակարգին։ Ես համարում եմ, որ այս ամենի թիվ մեկ պատասխանատու ոչ թե Ալեն Սիմոնյանն է, այլ համակարգի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը», - եզրափակեց իրավապաշտպանը։