08/12/2021 18:02
Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել․ Փաշինյան
Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել։ Այդ նարատիվը, որ կան բանավոր, ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների։
«Մենք տարբեր աշխարհներո՞ւմ ենք ապրում։ Դուք ինքներդ եք ասել այդ մասին, որ գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ», - Փաշինյանին արձագանքեց Արմեն Ռուստամյանը։
Ի պատասխան՝ Փաշինյանն անդրադարձավ մեսրոպյան գրերի ստեղծմանը։
«Մի անգամ հիշեցրել եմ, թե Մեսրոպ Մաշտոցը որտեղից է սկսել հայերեն գրավոր տեքստի ստեղծումը։ Նորից ստիպված եմ հիշեցնել։ Գնացեք, նորից նայեք։ Դուք երևի, երբ հարց եք տալիս, ձեզ համար կարևորը ձեր հարցն է, ոչ թե իմ պատասխանը, որն այս ամբիոնից լսվում է։ Որ աշխարհում ապրում եք, էն աշխարհում էլ հարցրեք, ում ուզում եք՝ հարցրեք։ Ինձ հարց եք տալիս, ես տալիս եմ կոնկրետ պատասխան», - ասաց նա։
Փաշինյանն ավելացրեց, որ հարցուպատասխանը վերածվում է երկխոսության, շնորհակալություն հայտնեց և հեռացավ ամբիոնից։