08/12/2021 18:14
Մեր կառավարությունը հարցը բարձրացրել է միջազգային դատարանում․ Վարչապետ Փաշինյանը մանրամասնեց՝ ինչ է անում կառավարությունը գերիներին վերադարձնելու համար
Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ի՞նչ քայլեր են արվում գերիների իրավունքները պաշտպանելու, նրանց հայրենիք վերադարձնելու համար։
«Ամենաթարմ օրինակը, երբ մեր կառավարությունը հարցը բարձրացրել է միջազգային դատարանում, և դատարանը շատ կարևոր արձանագրում է արել։ Իհարկե, ռազմագերիներին, պատադներին, պահվող այլ անձանց անմիջապես ազատ արձակելու պահանջով հանդես չի եկել, բայց արձանագրել է, որ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված անձինք պետք է միջազգային կանոնների համաձայն հայրենադարձվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ գերիներին վերադարձնելու համար կառավարությունն ամենօրյա աշխատանք է տանում։
«Դիվանագիտական ճանապարհով, բոլոր բանակցություններում այդ հարցը քննարկվում է և միջոցներ ձեռնարկվում են», - ասաց Փաշինյանը։
Գերեվարված, պատանդառված, անհետ կորած զինծառայողների հարցով ընդդիմության առաջարկած քննարկմանն իր մասնակցությունը Փաշինյանը չբացառեց, հանդես եկավ առաջարկով։
«Առաջիկայում որոշակի իրադարձություններ են նախատեսվում, բանակցություններ են նախատեսվում, և ես կարող եմ ձեզ առաջարկել, որ այդ բանակցություններից, օրինակ, դեկտեմբերի 15-ից հետո հանդիպենք, իհարկե, դռնփակ ռեժիմով և բոլոր հարցերը պարզաբանենք», - ասաց նա։