09/12/2021 18:27
Ռուսաստանը հերքում է. Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հետ չի կանչվի Հայաստանից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է հայկական մամուլի տեղեկությունները, թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանից հետ են կանչելու։
«Թերթը պետք է հերքում հրապարակի, քանի որ կեղծ լուր են հրապարակել, դա ճիշտ չէ, ապատեղեկատվություն է, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարության կողմից առաջադրված խնդիրները»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը գրել էր. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա Հայաստանում դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, և թվում է` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի մեջ տեղավորվում է նրա հետկանչը, քանի որ դիվանագետների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է 3 տարով, և Կոպիրկինի 3 տարին արդեն լրացել է:
Սակայն եթե պետությունը գոհ է իր ներկայացուցչից, այդ պայմանագիրը, որպես կանոն, երկարացվում է: Իսկ ռուսական դեսպանները, որևէ «չեպե» չլինելու դեպքում, անպայման շարունակում են աշխատել դեսպանընկալ երկրներում: Այս դեպքում, ըստ ամենայնի, կան դժգոհություններ, և գործող դեսպանի հեռանալը նաև դրանով է պայմանավորված լինելու»։