09/12/2021 15:15
Ալեն Սիմոնյանը գերիների հարազատների հետ հանդիպման մանրամասները ներկայացրել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չապագայի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել ֆեդերացիայի դերը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման և բնական աղետների դիմակայման գործում:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատվիրակությունը շատ բարդ ժամանակաշրջանում է եկել Հայաստան, երբ դեռ կրում ենք Թուրքիայի ու վարձկանների օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները և բազում չլուծված հարցեր կան:
Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարևորելով Ֆեդերացիայի մանդատը:
ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների և անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների ու պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը: Այս համատեքստում նա շեշտել է համապատասխան հարթակներում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առաջնայնությունը:
Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի խոսքը:
Հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման և լուծումների շուրջ: