
13/12/2021 12:47
ՔՊ-ական պատգամավորները չգիտեն՝ քաղաքապետը շեղվե՞լ է հեղափոխական արժեքներից, թե՞ ոչ
ՔՊ խմբակցության պատգամավորները հստակ չգիտեն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարվե՞լ է հեղափոխական արժեքներից, թե՞ ոչ։ Տեղեկացված չեն նաև, թե ճի՞շտ է «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը Մարությանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին։ Հորդորում են հարցերն ուղղել հասցեատերերին։
«Թե՛ այդ, թե՛ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման հարցին լավագույնս կպատասխանեն Հայկ Մարությանը և Ռոբերտ Քոչարյանը։ Մենք այդ հարցի պատասխանը չունենք», - ճեպազրույցի ժամանակ այս առնչությամբ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Էդուարդ Աղաջանյանը նույնը կրկնեց։
«Մենք նման տեղեկատվություն չունենք, հետևաբար, այդ հարցին չենք կարող պատասխանել։ Երկրորդում եմ գործընկերոջս։ Թերևս, լավագույն տարբերակը կլիներ հենց պարոն Մարությանին հարցն ուղղելը», - ասաց նա։
Ալեքսանյանն ու Աղաջանյանն հայտնեցին նաև, որ իրենց քաղաքական թիմը քաղաքապետի փոփոխության հարցի շուրջ գործնական քննարկում չի անցկացրել։
«Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ։ Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել, և որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի, այս պահին գործնական նման քննարկումներ չկան։ Դա հնարավոր կլինի միայն ու միայն օրենքով սահմանված մի քանի ընթացակարգով․ ա) երբ քաղաքապետն ինքը հրաժարական կտա, բ) եթե չեմ սխալվում, երբ ավագանին անվստահություն կհայտնի։ Ներողություն, սա Ազգային ժողովն է», - պարզաբանեց Էդուարդ Աղաջանյանը։
Նա խոստացավ ավագանիների կողմից Մարությանին անվստահություն հայտնելու հարցի շուրջ քննարկումներ լինելու և այդ քննարկումները քաղաքական թիմ տեղափոխվելու դեպքում լրագրողներին տեղյակ պահել։
«Այս պահին նման քննարկումներ չկան», - հավելեց ՔՊ խմբակցության պատգամավորը։