15/12/2021 20:59
Գեներալներ Յուրի Խաչատուրովը և Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն են հայտնել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի համար
«Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը» հայտնում է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն են ներկայացրել Արցախյան պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկտի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի («Աշոտ Երկաթ») համար։
Գեներալների համատեղ հայտարարությունում նշված է․
«Երեկ մամուլից տեղեկացել ենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար մեծ հեղինակություն վայելող անձինք պատրաստակամ են անձնական երաշխավորություն ստանձնել:
Մենք՝ ներքոստորագրյալ գեներալներս, անձնապես ճանաչում ենք Աշոտ Մինասյանին, քաջատեղյակ ենք նրա անցած հերոսական ուղուն և հավաստիացնում ենք, որ վերջինս երբևիցե անօրինական գործողությունների չի դիմել և չի դիմի:
Վստահաբար երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննության ընթացքին և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց»։