16/12/2021 19:56
Վանաձորի 61-ամյա բնակչուհին զբաղվել է վաշխառությամբ (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վաշխառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 61-ամյա բնակչուհին 2019-2021թթ. ընթացքում զբաղվել է վաշխառությամբ:
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մի շարք քաղաքացիների պարտք տված գումարի համար ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով՝ ամսական 5 կամ տարեկան 60 տոկոսի հաշվարկով տոկոսներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձորի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատարան: