20/12/2021 13:06
Այս պահին Ադրբեջանում հաստատված շուրջ 50 հայ գերի կա, չհաստատված տվյալներով՝ հավելյալ 80 անձ. Սիրանուշ Սահակյան
Գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես, երբ կան հաստատված գերիներ, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, վերադարձեր լինելու են, դրանք, հիմնականում, կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում. կամ Ռուսաստանը, կամ ԱՄՆ-ն, կամ Եվրոպական Միությունը, այլ ազդեցիկ պետություններ, իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով, կազմակեպում են գերիների վերադարձը», - ասաց նա։
Իրավապաշտպանը նշեց, որ այս պահին Ադրբեջանում հաստատված շուրջ հիսուն հայ գերի կա, իսկ ոչ հաստատված տվյալների համաձայն՝ հավելյալ ութսուն անձ է գերության կարգավիճակով Ադրբեջանում։
Ինչ վերաբերում է Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, թե անթույլատրելի էր հրապարակային դաշտում խոսել գերիների նկատմամբ քրեական հետապնդումների մասին։
«Իրավական ու բարոյական առումով չեմ կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն. նրանց առողջական վիճակն ու այլ հանգամանքներ իսկապես չեն արդադարացնում անազատությունը։ Ես չեմ տեսնում նաև ռիսկեր նրանց փախուստի դիմելու, քննությունից թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու առումով, եթե նրանք փախուստի դիմելու նպատակ ունենային, ուղղակի կտեղափոխվեին իրենց կամարտահայտության հիման վրա երրորդ երկիր», - ընդծեց նա։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերիներն, անկախ իրենց մեղսագրվող արարքներից, պետք է մնան ազատության մեջ. նրանց առնչությամբ կարող են խափանման այլ միջոցներ կիրառվել ու քննությունը, երբ հանգամանալից կկազմակերպվի ու արդյունքներ կտա, այդ ժամանակ պետք է խոսել՝ հետապնդումը հիմնավոր էր, թե ոչ։
«Ինչպես ես կանխատեսում էի՝ Ադրբեջանը դա շահարկելու էր ու կարճ ժամանակ անց հայտարարեց, որ հայ գերիներին իրենք վերադարձնում են, բայց Հայաստանում նրանց ձերբակալում են, կալանավորում են. կարճ ժամանակ անց միջազգային ատյաններում կտեսնեք, թե ինչպես են կասկածի տակ դնում գերիների ցուցմունքները, որտեղ նրանք հայտնել են խոշտանգումների կամ այլ հանգամանքների մասին. Ադրբեջանը փորձելու է ներկայացնել, որ նրանց ոչ թե խոշտանգել են, այլ Հայաստանի սպառնալիքի ներքո տվել են սուտ ցուցմունքներ. պետք է ավելի զգուշավոր գործել», - ընդգծեց իրավապաշտպանը։