21/12/2021 19:11
Արցախի մարզիկները սպորտային աննախադեպ հաջողություններ են գրանցել․ Լուսինե Ղարախանյան
Արցախում ընթացիկ տարում անց է կացվել 15 մարզական միջոցառում` 772 մարզիկի մասնակցությամբ, այսօր հայտնել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։
2021 թվականին Արցախի մարզիկների սպորտային ձեռքբերումները Ղարախանյանը աննախադեպ է որակել։
«ՀՀ թիմային և անհատական առաջնություններին, մրցաշարերին և գավաթի խաղարկություններին մասնակցել է 1485 արցախցի մարզիկ։ Առաջին տեղը գրավել է 192, երկրորդ տեղը՝ 132, երրորդ տեղը՝ 177 մարզիկ: 150 մարզիկից միջազգային մրցաշարերում առաջին տեղ է գրավել՝ 17, երկրորդ տեղ՝ 13, երրորդ տեղ՝ 14 հոգի։ Դրանք մեծ ցուցանիշներ են»,- ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարը:
Լուսինե Ղարախանյանը հայտնել է նաև, որ Եվրոպայի առաջնություններին Արցախից 37 մարզիկ է մասնակցել։ Առաջին տեղն է գրավել 4, երկրորդ տեղը՝ 3, երրորդ տեղը՝ 6 մարզիկ։ Աշխարհի առաջնություններին մասնակցած 19 մարզիկից մեկն զբաղեցրել է առաջին տեղը, 2-ը՝ երկրորդ և 3-ը՝ երրորդ տեղերը։