22/12/2021 20:17
«Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին»․ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ևս մեկը լքեց
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգչուհի Լիլիթ Պիպոյանը վայր է դնում մանդատը։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի համաքաղաքացիներ, հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում, որովհետև.
1. Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին;
2. Բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ իսկ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա: Այն պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:
Ցավոք, օդում առկախ մնաց քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իմ առաջարկը, որի համար բավականին նախապատրաստական աշխատանք էի կատարել վերջին ամիսների ընթացքում, բայց այն` լիովին ձևակերպած, կհանձնեմ մշակութային գծով քաղաքապետի տեղակալին հույսով, որ կյանքի կկոչվի»,- գրել է Պիպոյանը: