30/12/2021 15:03
Սա արվում է՝ առաջիկա զիջումների ժամանակ սահմանամերձ տարածքներում ունենան իրենց հրահանգներն անվերապահորեն կատարողներ․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում տեղի ունեցողի մասին
Այն, ինչ այս պահին կատարվում է Վարդենիս խոշորացված համայնքում, որևէ կապ և առնչություն չունի իրավական և ժողովրդավարական պետության հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա բնորոշմամբ՝ սա «խուժանապետության» հաստատման փորձ է մեր երկրում, Վարդենիսում մանդատագողություն է տեղի ունենում։
«Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիս խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժ է մասնակցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները։ Ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր երկու դաշինքները միասին 27 հոգանոց ավագանու կազմում ունեցել են 15 մանդատ, ՔՊ-ն՝ 12 մանդատ։
ՔՊ-ն ընտրություններից հետո զբաղվեց մանդատագողությամբ, մեկ մանդատ, վերահաշվարկի արդյունքում, «Միասնական Վարդենիսից» վերցրեցին ու տվեցին ՔՊ-ին։ Արդյունքում ավագանու կազմում 14 մանդատ ունեցան երկու դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ-ն։ Տեսնելով, որ այսպես էլ հնարավոր չի լինում ունենալ քաղաքապետ, «Միասնական Վարդենիս» դաշինքի առաջին համարին՝ Արամ Հարությունյանին, ըստ էության, առևանգեցին։ Ձերբակալեցին՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով մանդատների քանակը կլինի 13/13, և կփորձեն ՔՊ-ի թեկնածուին ընտրել իբրև քաղաքապետ։
Արամ Հարությունյանը հասկանալով, որ իր ձերբակալման միակ պառճառն այն է, որ մեկուսացնեն, չկարողանա մասնակցել նիստին, հրաժարվեց մանդատից, այն անցավ դաշինքի ցուցակով հաջորդ թեկնածուին։ Մանդատների բաշխումը եղավ՝ 14 մանդատ երկու դաշինքին, 13 մանդատ՝ ՔՊ-ին։
Չնայած բազմաթիվ ճշումներին, ապօրինություններին, այսօր ավագանու անդրանիկ նիստն է, տեղի է ունենում մարդկանց առևանգում, մանդատագողություն»,- ասաց Սաղաթելյանը։
Ըստ նրա, պատահական չէ, որ հատուկ ճնշումներ են իրականացվում հենց սահմանամերձ համայնքների ղեկավարների նկատմամբ։
«Այս ամենն արվում է, որպեսզի առաջիկա զիջումների ժամանակ սահմանամերձ տարածքներում ունենան բացարձակ իրենց ենթակայության տակ գտնվող սրբություն չունեցող, անհայրենիք, իրենց ստրուկ անդամներ, ովքեր անվերապահորեն կկատարեն իշխանության հրահանգները»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց նաև, որ ամեն ինչ արվում է երկրում դիկտատուրա հաստատելու համար, ինչը պետք է կանխել․ անհրաժեշտ է դիմադրություն։